Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

1.2 մլրդ-ով պակաս

2010թ. բյուջեով նախատեսված է, որ հիվանդանոցային բուժսպասարկում իրականացնելու համար պետք է հատկացվի ավելի քան 21 մլրդ դրամ: Առաջնային, այսինքն՝ պոլիկլինիկական բուժսպասարկման համար էլ տրամադրվելու է մոտ 23 մլրդ դրամ:

 

Այսինքն` մոտ 45 մլրդ դրամ հատկացվել է, ժողովրդական լեզվով ասած, պետպատվերով բուժման համար: 2010թ. բյուջեով ողջ առողջապահական ոլորտին հատկացվել է 55 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ բյուջեով այս ոլորտին ուղղված գումարի ավելի քան 80 տոկոսը հատկացվելու է բուժհիմնարկներին բնակչության արտոնյալ` սոցիալապես անապահով, հաշմանդամ, մինչեւ 8 տարեկան, կամ 65 տարեկանից բարձր մարդկանց որոշ հիվանդությունների համար բուժօգնության նպատակով: Առողջապահության համակարգի բյուջետային ֆինանսավորման հարցը բոլոր տարիների բյուջետային քննարկումներում ամենաշատ արծարծվող թեմաներից է եղել: Սա այն ոլորտներից է, որտեղ քաղաքացու հետ շփումն ուղղակի է, առողջապահական համակարգում էլ ներգրավված են հազարավոր բուժաշխատողներ, որոնց գոնե մի մասը միշտ չէ, որ աշխատում է միայն «պետպատվերով»: Այսինքն` չնայած բյուջետային հատկացումներին, բազմաթիվ բուժհաստատություններում նույն պետպատվերով բուժման ուղեգիր ունեցող հիվանդները ստիպված են լինում նաեւ վճարել բժիշկներին:

 

Վերջիններս էլ գրեթե միշտ բողոքում են իրենց ցածր աշխատավարձերից: Եվ հատկապես վերջին տարիներին քաղաքացիների շրջանում հաճախ կարելի է լսել խոսակցություններ, թե շատ ավելի լավ կլիներ, որ «ոչ պաշտոնապես» տրվող վճարները օրինականացվեին, եւ մարդիկ իմանան` ինչի համար որքան պետք է վճարել: Արդյունքում հավանաբար կդադարեն նաեւ ամեն տարի բյուջեի քննարկումների ժամանակ հնչող այն խոսակցությունները, որ առողջապահության ոլորտում, բացի բյուջետային հատկացումներից, նույնքան էլ ստվերային գումար է շրջանառվում: Արդյո՞ք հնարավոր չէ գտնել մեխանիզմներ, որ բժիշկը վարձատրվի իր աշխատանքին համապատասխան, եւ պետպատվերի համար հատկացվող գումարներն էլ արդյունավետ օգտագործվեն: Արդյո՞ք ճգնաժամային այս իրավիճակում ժամանակը չէ մտածել բարեփոխումների կամ պետական միջոցները ավելի արդյունավետ ծախսելու մասին: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ մեզ հետ զրույցում նախ հերքեց, թե իր ղեկավարած ոլորտում գոյություն ունեն վերը թվարկած արատավոր երեւույթները: Հետո ավելացրեց, որ արդեն նոր մեխանիզմներ են մշակվում այդ ծախսերն ավելի արդյունավետ դարձնելու համար:

 

«Մենք փոխում ենք մեր մոտեցումները, ֆինանսավորման ձեւերը, որպեսզի կարողանանք ռեալացնենք գները: Որպեսզի, ինչպես ծննդօգնության դեպքում, այդպես էլ անապահով խավի հիվանդը մտնի հիվանդանոց եւ իրեն ապահովված զգա ամեն ինչով: Մենք կփորձենք բյուջեի սահմաններում այդ ամենը կարգավորել համավճարների շնորհիվ: Եվ հույս ունենք, որ 1 տարի հետո արդեն կկարողանանք ավելացնել եւ հիմնադրել ապահովագրական համակարգը»,- ասում է Հ.Քուշկյանը:

 

2010թ. պետական բյուջեն ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես առանձնացրեց առողջապահության բնագավառը, հայտարարեց, որ այդ ոլորտներում առկա են «լուծման կարոտ ֆունդամենտալ հիմնախնդիրներ»: «Առողջապահության ոլորտի ֆինանսական մեխանիզմները որակապես պետք է բարելավվեն: Պետության գործառույթները պետք է լինեն հստակ ու հասկանալի շուկայի բոլոր մասնակիցների համար` պետական թե մասնավոր, եւ վերահսկելի լինեն ԱԺ-ի եւ հանրության կողմից»,- հայտարարեց վարչապետը` նշելով, որ հաջորդ տարի մեր երկրում առողջապահության ոլորտը պետք է լինի գերակա ուղղություն, եւ կառավարությունն այդ ուղղությամբ պետք է ավելի ուշադիր լինի: Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր 2010թ. բյուջեի նախագծի առողջապահության հատվածը: Տեղեկացվեց, որ 2009թ. սպասվող ծախսերի համեմատ գալիք տարի այս ոլորտին հատկացվելու է 1,2 մլրդ դրամով պակաս` 55 մլրդ գումար: Բայց այն 10,8 մլրդ դրամով պակաս է այն գումարից, որը ուղիղ մեկ տարի առաջ որոշվել էր հատկացնել առողջության ոլորտը 2009թ. ֆինանսավորելու համար:

Հեղինակ. Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ